«Տարածաշրջանում վերջին շաբաթներին նոր զարգացումներ են տեղի ունեցել, և մենք կարծում ենք, որ դրանց արդյունքները լավ կանդրադառնան տարածաշրջանի և իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի վրա»,- այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։ 

Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի և Բեյրութի միջև երկկողմ հարաբերությունները և նշել, որ Լիբանանում իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ունի:

«Մենք ունենք որոշ գաղափարներ և նախաձեռնություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած կառուցողական փոփոխությունները: Լիբանանի անվտանգությունն ու բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին, ուստի մենք աջակցում ենք լիբանանցի քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը»,- նշել է նա:

Աբդոլլահիանը հավաստել է, որ Իրանը «հաստատակամորեն կանգնած է Լիբանանի եղբայրական ժողովրդի, նրա ղեկավարության, բանակի և դիմադրության ուժերի կողքին»։

«Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում բանակցությունների օգտին և պատերազմները լուծում չի համարում»,- հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

 

 

688