Հայաստանում անցած տարի անցկացված մարդահամարի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ։
Թվի մեջ ներառված են նաև մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, սակայն մարդահամարի պահին մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են Հայաստանից։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 638 հազար 917 մարդ։
Հայաստանում մարդահամարներ են անցկացվել նաև 2001 և 2011 թվականներին։
2001 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 3 միլիոն 2 հազար 598 մարդ։
2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 միլիոն 871 հազար 771 մարդ։