Հայաստանն աշխատանքներ է իրականացնում՝ տիեզերք երկրորդ արբանյակն ուղարկելու ուղղությամբ:

Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ երկրորդ արբանյակի ուղղությամբ աշխատանքները նախնական փուլում են: «Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք իրականացնում, գնահատում ենք մեր հնարավորությունները, առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թ. ընթացքում մենք երկրորդը կունենանք, բայց ամեն դեպքում աշխատանքներն իրականացվում են»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանում հիմա արբանյակի արտադրություն իրականացնելը նա իրատեսական չհամարեց: «Բայց, եթե երկրորդ կամ երրորդ արբանյակի թեկուզ մի փոքր մաս կարողանանք Հայաստանում արտադրել, կարծում եմ՝ դա ևս լավ ձեռքբերում կլինի»,-նշեց նախարարը:

Իսկ առանձին արբանյակից ստացվող նկարներն ինֆորմացիայի աղբյուր են: Դրանք կարելի է օգտագործել շատ ոլորտներում: Ըստ նախարարի՝ կիրառության ոլորտներն անսահմանափակ են:

«Դրանց մենք պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր և փորձենք կիրառության շրջանակը հնարավորինս լայնացնել»,-նշեց Խաչատրյանը՝ չբացառելով, որ դրանք օգտակար կարող են լինել նաև ռազմական նպատակներով:

2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել:

973