Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։ Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում։ 

Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ քննարկելու տեղում ընթացիկ զարգացումները և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերը:

Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին երկրորդ անգամ հանդիպել հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին՝ Գրանադայում»,- ասված է հայտարարությունում:

1121