
Արդեն 7 տարի շարունակ անցկացվող «Երևանի գինու օրեր» փառատոնը այս տարի կանցկացվի հունիսի 2-ին, 3-ին, 4-ին՝ Թումանյան, Սարյան եւ Մոսկովյան փողոցներում։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մերի Բադալյանը:
Նա հայտնեց, որ այս տարվա հիմնական մեծ փոփոխությունն այն է, որ ավելի մեծ թվով գինեգործներ են ներառված լինելու: «Եթե մենք անցած տարի հնարավորություն ունեինք ընդունելու 43 գինեգործի, այս տարի 70 գինեգործի ընդունեցինք, քանի որ շատ էին հայտերը»,- ասաց նա:
Մերի Բադալյանի կանխատեսմամբ՝ այս տարի մասնակցությունը ևս ավելի շատ է լինելու, և եթե անցած տարի 60-63 հազար քաղաքացի օրվա թեժ ժամերին էին լինում, այս տարի շատ ավելին կլինեն: «Նույնիսկ վախենում ենք, որ կարող է կրկնակի լինեն, դա մեր ամենամեծ վախն է, քանի որ տարածքը չի բավականացնի»,- ասաց նա:
Ծրագրերում ևս փոփոխություններ են իրականացվելու և ամենամեծ փոփոխությունը նախատեսված կրթական հատվածն է, որտեղ իրականացվելու են սեմինարներ, ներկայացվելու են գաստրո-շոուներ՝ ԱՄՆ-ից եկած շեֆ խոհարարի և տեղացի շեֆ խոհարարների մասնակցությամբ, գիտական, մշակութային թեմաներով սեմինարներ և այլն:
Ընկերության տնօրենը նշեց, որ առանձին երաժշտական հատվածներ են լինելու, հնչելու է տարբեր ոճերի երաժշտություն, լինելու է խաղարկություն:
Ինչ վերաբերում է փաթեթի գնին և դիտարկմանը, թե այս տարի այն թանկացել է և կազմում է 12 հազար դրամ, Մերի Բադալյանն ասաց, որ գինը փոխվել է, քանի որ տոմսի մեջ ներառվում են նոր առաջարկներ, նվերներ, ավելի շատ գինու համտեսման կտրոններ, խաղարկության կտրոն, և, հաշվի առնելով այդ հնարավորությունները, կարելի է ասել, որ գինը քիչ է ավելացել: Չնայած դրան՝ հայտնենք, որ մուտքը ազատ է լինելու բոլոր քաղաքացիների համար:
«Կարծում ենք՝ ճիշտ որոշում էր գինեգործությունը և տուրիզմը դարձնել ռազմավարական ուղղություններ, որովհետև երկուսի դեպքում էլ ունենք ասելիք»,- ասաց նա: