Ազգային ժողովը քննարկեց կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նա նշեց, որ օրենքով սահմանվելու են հիմնական պարտավորությունները, երաշխիքները, ովքեր են սուբյեկտները և աշխատանքի կատարման իրավական հիքմերը: «Տարիքային և քաղաքացիության սահմանափակումներ չկան»,- ասաց նա:

Զեկուցողը նշեց, որ պետք է ունենալ կամավորության մասին պայմանագիր, որտեղ սահմանվում են պարտականությունները: «Կամավորական աշխատանքը համարվելու է աշխատանքային փորձառություն, հետագայում դա հնարավորություն է տալու աշխատաշուկա նոր մուտք գործողներին ավելի հեշտ ինտեգրվելու»,-ասաց նա և նշեց, որ որոշակի պարտավորություններ են դրվել կամավորին ներգրավողի համար:

«Երկու կողմն էլ ունեն պարտավորություններ և իրավունքներ, ունեն նաև ազատության սկզբունք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք տրվելու է վկայական կամավոր աշխատանք կատարած անձին, Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է, և որոշել են, որ չի տրվելու: «Եթե կամավորը ցանկանում է իր աշխատանքը ներկայացնել որպես փորձ, փորձառություն, ապա դիմում է կամավորական կազմակերպությանը, որը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել նման տեղեկատվություն»,- հավելեց նա:

383