Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կամավորական ծառայությունների զարգացումը մշտապես եղել է միջազգային փորձի կիրառման և տեղական ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր ուղղություններից մեկը։ Հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման համատեքստում, կամավոր հրշեջ-փրկարարների դերը գնալով մեծանում է։

«Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է համակարգված աշխատանք կամավոր ուժերի պատրաստման և որակավորման ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ հիմնել և զարգացնել առաջին արձագանքման կամավորական ծառայությունը Հայաստանում, ստեղծել հստակ չափորոշիչներ կամավոր հրշեջ-փրկարարների ընտրության, վերապատրաստման և որակավորման համար, ինչպես նաև ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգին։ Այս գործընթացը միտված է ոչ միայն բնակչության անվտանգության բարձրացմանը, այլև համայնքների դիմադրողականության ամրապնդմանը։

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից Կոտայքի մարզի Գառնի և Մեղրաձոր համայնքներում կազմակերպվել և անցկացվել է կամավոր հրշեջ-փրկարարների որակավորման գործընթաց։

Որակավորման գործընթացին մասնակցել է թվով 23 կամավոր հրշեջ-փրկարար, որոնցից 20-ը ստացել են որակավորման «Փրկարար» կարգ, մյուս 3-ը հաստատել՝ իրենց նախորդ կարգը։

Կամավոր հրշեջ-փրկարարներ արժանացել են համապատասխան որակավորմանը՝ ապացուցելով իրենց պատրաստակամությունն ու ունակությունները համայնքին և հայրենիքին ծառայելու դժվարին, սակայն պատվավոր առաքելության մեջ։

VOLFIRE ծրագրի իրականացումը շարունակվում է Հայաստանի տարբեր համայնքներում՝ ընդգրկելով նոր կամավորներ, կազմակերպելով վերապատրաստումներ և գնահատման փուլեր։ Այս գործընթացը ոչ միայն նպաստում է ավելի ապահով հասարակություն կառուցելուն, այլև ձևավորում է ակտիվ, պատասխանատու ու հոգատար քաղաքացու կերպար՝ պատրաստ արձագանքելու ցանկացած մարտահրավերի։ Կամավոր փրկարարների ոգին Հայաստանում նոր թափ է առնում՝ դառնալով ժամանակակից հանրային անվտանգության համակարգի անբաժանելի մասնիկ։

180