Չինաստանի իշխանությունները ձգտում են երկրի մայրցամաքայի հատվածի խաղաղ վերամիավորմանը Թայվանի հետ, սակայն միաժամանակ չեն բացառում անհրաժեշտության դեպքում ուժի կիրառումը։ Այս մասին կիրակի Սինգապուրում անցկացվող Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի: Սա համահունչ է ժողովրդի ձգտումներին և մեր ժամանակի միտումներին: Մենք անկեղծորեն ձգտելու ենք խաղաղ վերամիավորման հեռանկարներին և դրա համար գործադրելու ենք ամենամեծ ջանքերը, բայց մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից»,- ասել է Լի Շանֆուն։

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, ապա «Չինաստանի զինվորականները ոչ մի վայրկյան չեն վարանի»։

«Մենք չենք վախենա հակառակորդներից և վճռականորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե ինչ գնով դա արվի», - ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

Լի Շանֆուն նշել է, որ Թայվանի նեղուցում լարվածության հիմնական պատճառը Թայբեյի վարչակազմի ջանքերն են՝ անկախության համար օտարերկրյա աջակցություն ստանալու համար:

«Որոշ արտաքին ուժեր փորձում են Թայվանի օգնությամբ զսպել Չինաստանը և միջամտել նրա ներքին գործերին»,- ասել է նա։

 

590