Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է, ինչը բարդացնում է Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից մարդկանց տարհանումը՝ հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։

Նրա խոսքով՝ այժմ փրկարար ուժերը ստիպված են բնակիչներին օգնության հասնել նավակներով, քանի որ ճանապարհներն ամբողջությամբ անցել են ջրի տակ: Ռուսական կողմի տվյալով՝ Խերսոնի շրջանում հեղեղվել է ավելի քան 14 հազար տուն, 4000-ից ավելի մարդ է տարհանվել։ Հայտնի է նաև զոհերի, վիրավորների և անհետ կորածների մասին:

Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել Խերսոնի Կորաբելնի թաղամասում, որտեղ ավելի քան 1800 տուն հեղեղվել է։ «Ընդհանուր առմամբ ջրի տակ է անցել Դնեպրի աջ ափին գտնվող ավելի քան 20 բնակավայր»,- հայտնում է նախարարությունը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հայտարարել է, որ Զապորոժիե ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համար անհրաժեշտ ջուրը դեռ ստացվում է Կախովկայի ջրամբարից: Դա անհրաժեշտ է ռեակտորների հովացման և ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտանետումը կանխելու համար: Սակայն իրավիճակը մի քանի շաբաթից կարող է բարդանալ, եթե ջրամբարը դատարկվի: Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին, այնուհանդերձ, կոչ է արել խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակը դեռ վերահսկելի է:

477