«Իրավապահ մարմինները իրեն կկարողանա՞ն վերադարձնել Հայաստան, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց գոյություն ունի ինտերպոլ, խմբակային հանցագործություն է, և դրա շրջանակներում բոլոր հանցագործները պետք է պատժվեն: Հիմա աշխատանքներ են տարվում, որ հենց թիմի ղեկավարին բերեն ու պատասխանատվության ենթարկեն»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից իրենից մեծ գումարներ շորթում կատարելու փորձին:

«Ինչ վերաբերում է նրան, թե «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ ի՞նչ կապ ունի այս ամենը, ասեմ, որ մեծ կապ ունի, քանի որ հենց նա էր ինձանից գումար պահանջում ու ասում, որ եղբոր համար է: Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այդ թիմի ղեկավարներն են «անբարոյականը» և Արտակ Գալստյանը»,- ասաց Արզաքանցյանը:

Հարցին՝ եթե իրավապահները չկարողանան վերադարձնել նրան Հայաստան և պատժի ենթարկել, որո՞նք են լինելու իր քայլերը, Արզաքանցյանն արձագանքեց. «Ամենամեծ պատիժ տվողը Աստված է, նրա գործը չենք կարող անել և նրա պատժից չենք կարող խուսափել: Պետք է բարին անես, որ բարին ստանաս: Իզուր չեն ասում՝ գող՝ սիրտը դող»:

Նա նաև նշեց, ինքը ոչ ոքի պարտք ու պահանջ չունի. «Ժողովրդին շփոթության մեջ է գցում՝ ասելով, որ ես պարտքեր ունեմ: Իրենք փորձում են Տիգրան Արզաքանցյանի անվան հետ խաղալ, բայց չի ստացվի: Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ իմ՝ շուտով 21-ամյա հիմնադրամը 15 միլիոն դոլար տվեց բանակին, չեն հարցնում՝ չէի՞ր կարող Մոնտե Կառլո գնալ կյանքդ վայելել, դղյակներ սարքել: Արզաքանցյան Տիգրանն այսօր թագավորական պալատներ չունի, ոչ էլ իմ որդիները: Ես նորից եմ կրկնում՝ ես պարտք ու պահանջ չունեմ»:

1089