
Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՌԴ քաղաքացի Նազիրա Ամիրխան Նուդիրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, Mazda մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդին և 2 ուղևորներին, ովքեր նույնպես ՌԴ քաղաքացիներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանները: Պարեկները նաև օգնել են, որպեսզի ավտոմեքենան բեռնատարի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր:
Օպերատիվ է գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենք չեն տուժել: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում, պարզում է ուղևորների ինքնությունը: