
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն) դիմումների ընդունման գործընթացը պետք է մեկնարկեր ոչ ուշ, քան 01.07.2025 թ., իսկ 3-րդ փուլում ընդգրկված ընտանիքները (ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում) կարողանալու էին դիմել ոչ ուշ, քան 01.07.2026 թ.։
Նոր կարգավորումները հնարավորություն են տալիս վերոնշյալ երկու խմբերին էլ դիմել ծրագրի համար այսօրվանից։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։