Հիմք ընդունելով ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների և ցեղասպանության արհավիրքից փրկելու վճռականությունն ու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը՝ Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը,  կոչ է անում. 

Հայաստանի Հանրապետությանը՝ 

անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում  տեղակայված  խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանված ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ։

Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների՝

Հավատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխում սահմանված նպատակներին ու սկզբունքներին և առաջնորդվելով ՄԱԿ-ի  կանոնադրության 7-րդ գլխում սահմանված կարգով՝ ընդունել իմպերատիվ բնույթի որոշում (բանաձև)՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից, վերահաստատելու հավատը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, ուստի այդ կառույցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային իրավունքի նորմերից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, ազատության պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը:
ք․ Ստեփանակերտ
21 հուլիսի, 2023թ․
http://www.nankr.am/hy/5293

1154