ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Պետքարտուղարը, միաժամանակ, շեշտել է, որ խաղաղ բանակցությունների հարցում բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական առաջընթացը։

«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

557