Օգոստոսի 5-ին և 6-ին էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Դիլիջանի՝ Աղասի Խանջյանի վիլլայի տարածքում  տեղի ունեցավ DILIJAN WINE FEST 2023 գինու փառատոնը, որն իրականացվում է  արդեն երկրորդ տարին: Կազմակերպիչները նախատեսել էին ավելի քան 4000 հյուր, և փառատոնը միավորել էր Հայաստանի շուրջ 40 գինեգործարաններ ու ռեստորաններ:

Միջոցառման շրջանակներում հյուրերը մասնակցեցին գինեգործների տոնավաճառին, վարպետության դասերին, գինու նկարչությանը։ 

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ մեծ ձեռքբերում է նման լայնամասշտաբ միջոցառման անցկացումը Դիլիջանում: Նախարարությունից հայտնեցին, որ այս տարի Զբոսաշրջության կոմիտեն աջակցել է 17 փառատոնի կայացման:

Time to ստեղծագործական գործակալության Մարքեթինգային ծրագրի մենեջեր, կազմակերպչական թիմի անդամ Հայարփի Պողոսյանը նշեց, որ այս տարածքը սովորաբար փակ է հանրության առաջ, բայց միայն փառատոնի հյուրերի համար բացվում է: Փառատոնի շրջանակներում իրականացվեց խաղողի տրոհման արարողություն, վարպետաց դասեր, կինոդիտում, նկարչություն և համերգային ծրագիր:

Հայարփի Պողոսյանը նշեց, որ փառատոնը նպատակ ունի միավորելու հայտնի գինեգործների և նշեց, որ մասնակցության ցուցանիշը նախատեսվածից ավելին է: «Մեր թիմն անտարբեր չի գտնվել Արցախում տեղի ունեցող իրականությանը և որոշում է կայացվել փառատոնի ողջ հասույթն ուղղել Արցախի անվտանգության և զարգացման սոցիալական ծրագրերին, որը ենթադրում է  արցախցիներին առաջին օգնության տրամադրում»,- ասաց նա:

 

 

1285