Ճանապարհների սպասարկումից և անվտանգությունից խոսելով՝  Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՏԿԵ նախարարի հետ կա պայմանավորվածություն, որ պետք է լրջորեն զբաղվել դրանով և ճանապարհների կառուցման պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի։

«Մանավանդ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ հենց դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխարգելելու համար։ Առաջին միտքն այն էր, որ եթե վարորդների կամ ավտոմեքենաների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ՝ մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը՝ ինչի այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդների վարորդական իրավունքներն են իրավազոր»,- ասաց վարչապետը և հավելեց, որ վարորդների վարորդական խախտումների հետագծում ոչ մի առանձնահատուկ խախտում չկա։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ներկայացնելով դեպքի քննությունից մանրամասներ, ասաց, որ փորձաքննություն է նշանակված և դրա արդյունքներով եթե պարզվի կա խախտում՝ փորձագետը կասի, թե ով է մեղավոր։

«Սպասենք քննության արդյունքներին։ Ես կարծում եմ, որ երթևեկության անվտանգության հետ կապված մեր միջոցառումները պետք է լինեն շարունակական», - ասաց գործադիրի ղեկավարը և հավելեց․ «Դեպքից առաջ ես ՆԳ նախարարի հետ այդ թեմայով խոսել եմ, որ առավել եւս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված՝ պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»։

485