
Արցախի չորրորդ փողոցի չորրորդ նրբանցքի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով դետալները վերջնական լուծելուց հետո հարցը կներկայացվի ավագանուն: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե բնակչների հետ ընդհանուր տրամաբանության շուրջ համաձայնություն կա՞ և պատասխան ստացավ, որ 90 տոկոսի հետ ունեն համաձայնություն, իսկ մյուսները կառուցվածքի և այլ հարցերի հետ համաձայն չեն, սակայն վերաբնակեցման պրոցեսը սկսելուց հետո, կարծում են, որ վերջիններս նույնպես կհամաձայնվեն:
Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը չորրորդ կարգի վթարային շենքերի մասին է, որոնք փլուզման եզրին են: Այսպիսով զեկուցվեց, որ քաղաքապետարանն առաջարկում է 15 քմ սենյակ զբաղեցնող բնակարանի բնակչին առաջարկել 35 քմ բնակարանի գնման վկայագիր, օրինակ՝ 20-22 քմ բնակարանի բնակչին առաջարկում են 45 քմ բնակարանի գնման վկայագիր, որով նա իրավունք ունի ՀՀ ցանկացած տարածքում գնել բնակարան, և առաջարկել են նաև օժանդակել բնակարան գտնելու հարցում:
«Կարծում եմ ավելին քան բավարար առաջարկ ենք անում բնակիչներին»,- ասաց փոխքաղաքապետը: