Կառավարությունը միջոցներ հատկացրեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության համար շենք ձեռք բերելու համար:

Ըստ հիմնավորման՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին  տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում  ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում:

Շենքը ձեռք է բերվելու  սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:  Այսպիսով շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստեռլինգ:   

Արձագանքելով նախագծին և Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան շենքի ընդհանուր վիճակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն: Իմ կարծիքը դա է և, ցավոք, շատ տեղերում այդ խնդիրն ունենք: Բա ասում ենք ուր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգու մեջ մի հատ իշոտնուկ դրած վրեն նստած է, մեր դրոշն էլ վերևը կախած՝ ասում ենք, սա մեր դեսպանատունն է: Իմ դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ: Անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև հիմա այդ վիճակում ենք: Մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա՝ չի կարելի, սա անթույլատրելի է»,- ասաց նա և նշեց, որ վաղուց էին ուզում Լոնդոնում շենք ձեռք բերել, չստացվեց և մյուս տարբերակը սա է:

«Այո, ՀՀ-ն 17 միլիոն ֆունտ ստեռլինգով առնում է  դեսպանատուն, որը ՀՀ սեփականությունն է և այդպիսին է լինելու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ այս կարգի մեծ գործարքները ռիսկեր ունեն, և ինքը խնդիր է դրել, որ գործարքները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ, որ հետո խնդիրներ չառաջանան: «Թերևս, մեկ-երկու բացառությամբ, ոչ մի տեղ ՀՀ դեսպանատուն չեմ տեսել, որ նայեմ ասեմ՝ այ ՀՀ դեսպանատուն: Այս իրականության հետ պետք է առերեսվել և այս հարցը գնալ հերթով լուծել: Նրանք, ովքեր կասեն թանկ է, հայտնի ասացվածք է՝ մենք այնքան հարուստ չենք, որ էժան բան առնենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

689