Araratnews.am-ը ՀՀ արտաքին և ներքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

 

- Պարոն Մեհրաբյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այսօր հայտարարել է, որ եթե հարկ լինի՝ Երևանը արյունով էլ կփոխեն, ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ակնարկում է բռնությամբ իշխանափոխության հասնելու մասին։

- Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը նախևառաջ ինքը պետք է տա և ոչ թե լրագրողներին, այլ  իրավապահ մարմիններին,  որոնք պետք է անմիջապես զբաղվեն այդ հայտարարությամբ ու գնան դրա հետևից։

- Ի՞նչն է ԱԺ ընդդիմությանը դրդում գնալ բռնության։

- Թույլ տվեք ողջամիտ և հիմնավոր կասկած հայտնել, որ դա իրենց «պլան Բ-ն» է։ Ձախողվել է իրենց քաղաքական գործունեությունը, սպառվել է քաղաքական գործիքակազմը և անցնում են «պլան Բ»-ին։ Ես առիթը կօգտագործեմ և կդիմեմ իրավապահ մարմիններին, որպեսզի գնան այս հայտարարության հետևից և բացատրություն պահանջեն։

- Բլոգեր Միկա Բադալյանը հայտարարել է, թե Պուտինը հասկացրել է, որ խնդիրը Փաշինյանի մեջ է և դա կոնկրետ գործողությունների կոչ է իրենց համար։

- Այս ամենը գալիս է փաստելու մի շատ տխուր իրողություն, որ Հայաստանում չկա օրենք, որի միջոցով Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին դիմագրավելու տրամաբանության մեջ երկրի ներսում գործող տարրերը պետք է չեզոքացվեն, դա օրենսդրություն է, որը գործում է տարբեր երկրներում և ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Պետք է օրենքով և ամենակոշտ ձևով նման գործունեությունը կասեցվի։

- Բայց հաշվի առնելով, որ ՌԴ-ում անհանգստություն կա տվյալ անձի և այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների մասով՝ արդյո՞ք Հայաստանի համար խնդիրներ չեն առաջանա։

- Հայաստանը պետք է պատրաստ լինի, Մեդվեդչուկի համար էլ ՌԴ-ն ուներ անհանգստություն, բայց գերիներին փոխանակեց, որ հետ ստանա։ Այդքան շատ են սիրում Ռուսաստանը՝ գնացեք Դոնբասում կռվեք, դեմ եք Հայաստանի Հանրապետությանը՝ հաջողություն, դեմ եք հայ ժողովրդի ընտությանը՝ հաջողություն, իսկ եթե օրենքից դուրս գործունեություն ծավալեք՝ կհայտնվեք բանտերում։ Ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով՝ օրենքներով զինված և իջնի յուրաքանչյուրի գլխին, ով կասկածի տակ կդնի ՀՀ քաղաքացիների ազատությունները և պետության ինքնիշխանությունը։

- Ըստ Ձեզ, այս պահին Հայաստանի նկատմամբ ռազմական սադրանքի վտանգը չեզոքացվա՞ծ է։

- Պատերազմի վտանգը միշտ կա ու դեռ առաջիկայում էլ կլինի, քանի Ռուսաստանը այստեղից դուրս չի շպրտվել, այլ հարց է՝ կլինի՞ պատերազմ, թե ոչ՝ կախված է նրանից, թե մենք որքանով կկարողանանք կառավարել այդ ռիսկը, որի մասին նշեցի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը շարունակի իր արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի գործընթացը և արագացնի ու  վերաիմաստավորի, թե իր խաղաղության ձգտումների մեջ ովքեր են իրական բարեկամները, ովքեր՝ թշնամի և ըստ այդ կառուցի հարաբերություններ․ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում համաշխարհային պատերազմ, իսկ այս պայմաններում միջազգային ինստիտուտները պարալիզացված են, համենայնդեպս բոլոր այն ինստիտուտները, որոնց անդամակցում է ՌԴ-ն։ Եվ այնտեղ Հայաստանը հարցերը պետք է բարձրացնի միայն մի նպատակով՝ որպեսզի ի հայտ գա, թե ովքեր են Հայաստանի բարեկամները, ովքեր՝ ոչ։ Իր անելիքները Հայաստանը պետք է ամրապնդի նոր դաշինքներով, այսինքն՝ այն, ինչ արեց Ուկրաինան և արդյունքում ոչինչ չստանալով ո՛չ ՄԱԿ-ից, ո՛չ ԵԱՀԿ-ից՝ ամեն ինչը կարողացավ կոմպենսացնել նոր դաշինքների հաշվին։ Հայաստանն էլ պետք է գնա հայկական կոալիցիաներ  ձևավորելու ճանապարհով, որպեսզի հասնի խաղաղության։

- Ինչպե՞ս կարող է Հայաստանը մի կողմից ԱՄՆ-ի հետ, օրինակ, զորավարժությունները կառավարել, մյուս կողմից էլ հարաբերությունները չփչացնել Իրանի հետ, որտեղից կան ազդակներ, որ չպետք է արևմտյան զորքեր բերել տարածաշրջան։

- Բացարձակապես ակնհայտ է, որ Հայաստանի և Արևմուտքի համագործակցությունն ուղղված չէ Իրանի դեմ և չի կարող ուղղված լինել։ Հայկական դիվանագիտությունը Իրանի մտավախությունները լիովին ի վիճակի է հարթելու, որպեսզի այդ իմաստով ներդաշնակեցնի իր մոտեցումները հարևան երկրի հետ։ Օրինակ՝ ԵՄ դիտորդների հարցում Իրանը սկզբից կրկին նման ակնարկներ արեց, սակայն հայկական դիվանագիտության աշխատանքի արդյունքում մենք ստացանք Իրանի դեսպանի հայտարարությունը, որ եվրոպական դիտորդներին Իրանը պրոբլեմ չի համարում։ Այս ոգով ՀՀ-ն պետք է շարունակի դիվանագիտական աշխատանքը Իրանի հետ, որովհետև հայ-իրանական հարաբերությունները շատ դրական հունի մեջ են եղել եւ կան։ Այո, ոչ շատ հեռավոր ապագայում պետք է գազն էլ Իրանից բերենք, Հնդկաստանը Եվրոպային կապող ճանապարհը Իրանով և Հայաստանով պետք է անցնի, հետևապես պետք է աշխատանք տարվի, որպեսզի մեզ ընկալեն, ինչը հաղթահարելի է։ Հայաստանի շահերից է բխում ռազմավարական համագործակցությունը Արևմուտքի հետ, Իրանի հետ արդեն այլ բնույթի ռազմավարական ծրագրեր ունենք և դրանք ոչ միայն չեն հակասում իրար, այլ նաև համատեղելի են։

Գեղամ Ադյան

 

 

2775