
Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը, այսինքն՝ դա միայն մեր պետական շահերին է ուղղված և ուրիշ ոչ մի բանին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Դա հնարավորություն է տալիս միջազգային դատախազական և դատավարական համակարգերին ՀՀ հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել և դա շատ պաշտպանողական և քննչական գործիք է, որից ափսոս է, որ մեր պետությունը չօգտվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Պուտինը ռազմական հանցագործ է, նա ասաց, որ քաղաքական հարցերին չի պատասխանում:
«Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է»,- ասաց նա և նշեց, որ ինչպես վարչապետն է ասել, այդ նախագծի հաստատումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ, դա մեր պաշտպանական գործիքակազմն է: