
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատախազը 2025 թվականի մայիսի 5-ին դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը:
Մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Մ.Մ.-ի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի Համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մ.Մ.-ն և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով:
Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:
Մասնավորապես՝ Լ.Ա.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հետ՝ արտերկրում գրանցված կազմակերպության միջոցով 5 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը: Այդ նպատակով փաստացի Մ.Մ.-ին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը: Պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության՝ արտերկրում սպասարկվող հաշվեհամարին, իսկ մեկ օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, այդ հաշվեհամարից 5 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող՝ «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման դիմաց:
Արդյունքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի ու բաժնետիրոջ և արտերկրում գրանցված կազմակերպության միջև կնքվել է «Շանթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով նշված կազմակերպությունն իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:
Որոշ ժամանակ անց Լ.Ա.-ն և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով Մ.Մ.-ի դասընկեր և մտերիմ Ա.Մ.-ի հետ, ձեռնամուխ են եղել արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման իրական բնույթը, ծագումնաբանությունը, պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, քողարկելուն ուղղված գործողությունների կատարմանը: Արդյունքում՝ Ա.Մ.-ն, ձեռքբերման պահին տեղեկացված լինելով «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև նպատակ ունենալով օժանդակել Լ.Ա.-ին և Մ.Մ.-ին, որպեսզի վերջիններս խուսափեն իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նույն կազմակերպության հետ բաժնեմասերի առուվաճառքի ձևական գործարքի կնքման միջոցով օրինական տեսք տալով իրենց գործողություններին, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:
Դատախազը 2025 թվականի ապրիլի 30-ին Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 2025 թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: