«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Դոգ» մականվամբ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հայտարարություններին, որով վերջինս առաջարկում է իրեն առաջադրել քաղաքապետի թեկնածու, իսկ մյուս 3 ընդդիմադիր ուժերը, առանց որևէ կոալիցիա կազմելու, առանց որևէ պայմանավորվածությունների ու նախապայմանների, քվեարկեն իր օգտին:

Ղուկասյանը նշել է, որ չի պատրաստվում այդ քայլին գնալ և շարունակել է պնդել ավելի վաղ բարձրաձայնած իր պահանջը: Այն է՝ իրեն հանձնել վերահսկողական վարչությունները:

Իր խոսքում Ղուկասյանը ասաց՝ տեղյակ է, որ Մարությանն իր կառավարման տարիներին ապօրինություններ է թույլ տվել, ակնարկեց խոշոր գումարի յուրացման մասին: Միաժամանակ երաշխավորեց, որ Մարությանին չեն կալանավորի, քանի որ վերջինս, ըստ Ղուկասյանի, օգնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ազատվելու գործընթացին:

Վարդան Ղուկասյանը խոսքի ավարտին վերջնագրի նման պահանջ ներկայացրեց Մարությանին, որ մինչ վաղը երեկո տեղեկացնի՝ համաձայն է իր կողմից արված առաջարկների հետ, թե՝ ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Մարությանը դիմել էր մյուս ընդդիմադիր ուժերին և ստեղծված իրավիճակում 2 տարբերակ առաջարկել:

607