Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ սուվերեն տարածքը, և սա է մեր առաջնահերթությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկի միջազգային հանրությունը:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ գետնի վրա նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են, ու նրանց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնությունը կամ նման քայլեր անելը, այլ պետք է պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ասել է նա։

Հարցին՝ հայկական կողմը չպե՞տք է միջամտի ռազմական առումով, Գրիգորյանը պատասխանել է, որ պետք է միջազգային հանրության հետ շարունակել ինտենսիվ աշխատել, ինչպես նաև, որ նոյեմբերեի 9-ի հայտարարությունների շրջանակներում ՌԴ-ն իր պարտավորությունները կատարի. «Որովհետև այնտեղ ՌԴ-ն ունի զորքեր և կարողություններ: Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանը անկայուն է, և նախկին խաղացողները չեն կարողանում իրավիճակին տիրապետել կամ չեն ուզում տիրապետել»:

Հաղորդավարի հարցին՝ Դմիտրի Մեդվեդևը ուղղակի սպառնացել է ոչնչացնել  ՀՀ ղեկավարությանը, ինչպե՞ս է պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունները, Գրիգորյանը պատասխանել է. «Եթե Մեդվեդևն է նման վարք դրսևորում, ՌԴ-ն պետք է այդ մասին մտածի և բացատրի, թե դա ինչ քաղաքականություն է: Եվ, ընդհանրապես, նրանք այս քայլով ուզում են ցույց տալ, որ թիրախը Հայաստանն է, պատերազմ է սկսվում ԼՂ-ում, և մենք այդպիսի հանրային խոսք ենք տեսնում»:

549