ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։

Նա հայտարարել է, որ ԼՂ նախկին ու ներկա նախագահները և ԱԺ 22 պատգամավորները պետք է դատարանի առաջ կանգնեն:

«Էս հանցագործները պետք է պատասխան տան, համարեք սա հաղորդում հանցագործության մասին, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան դատարանում  ցուցմունք կտան»:

Ճշտող հարցին՝ այսինքն եղել է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանը դրական է պատասխանել․

«Մենք կարող էինք 4400 քմ տարածքի վրա, ոնց ունեինք, Արցախի էդ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Էս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան դատարանում ցուցմունք կտան»,- ասել է Բաբայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ իրեն ոչ մեկն այդ մասին չի էլ հարցրել, իրեն որևէ հավաքի չեն հրավիրել:

«Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդը արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին»,- հավելել է Բաբայանը:

Անդրադառնալով ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությանը՝ նա նշել է․ «Հարձակումից հետո իրենք հայտարարություն են տարածել, որ Հայաստանն իր բանակը պետք է հանի Ղարաբաղից։ Հայաստանն էնտեղ բանակ չունի, էդ տեքստը ո՞վ ա գրել, ես գիտեմ՝ ով ա գրել։ Ռուսական կողմը գրել է, էդ տեքստով տվել, որ Հայաստանին նորից ներքաշի խաղի մեջ, թե Հայաստանը չի կատարել իր պարտավորությունը, դրա համար Ադրբեջանը հարվածներ է հասցնում»։ 

Արցախի ներկայիս ղեկավարությունն ու նախկին նախագահներն էլ, ըստ Բաբայանի, գնացել են դրան, և Արցախի ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 հաուբից, գրադները, ՏՈՐ-երը, մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին։ «Ժողովուրդ, դա հանցագործություն չի, ի՞նչ ա։ Ինձ էլ ասում են՝ դու մնա մեր հետ, որ հանցագործության անդամ դառնաս։ Դու ինչի՞ ես դուրս գալիս, դու մեր կողքը կանգնի, որ հանցագործության պատասխանատվության մի մասն էլ դու կրես։ Էս հանցագործները հենց Հայաստանի տարածք մտնեն, պետք ա քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Սա համարեք հաղորդում հանցագործության մասին»,-շեշտեց Բաբայանը։

Գեղամ Ադյան

1381