
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է վաղը մեկնել Գրանադա, որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում սպասվում էր հնգակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների միջնորդությամբ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ դրա պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև հանդիպմանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Փարիզի և Բեռլինի տարաձայնությունները։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա բավականին խոցելի իրավիճակ է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթ այլեւս չկա, իսկ նորն էլ ստեղծելու հնարավորություն կա Գրանադայում՝ չի ստացվում։
«Այնպես որ հիմա ժամանակն է բազմակողմանի դիավանագիտության, որպեսզի իրավիճակը պահվի կառավարելիության հունի մեջ և Հայաստանի ուղղությամբ բոլոր հնարավոր վտանգները չեզոքացվեն։ Այսինքն՝ այն գործընկերների հետ, որոնց հետ մենք ունենք ընդհանուր նպատակներ, շահեր և արժեքներ՝ նրանց հետ պետք է քննարկվի այս իրավիճակը և համատեղ քայլեր մշակվեն»,- ասաց նա։
Մեհրաբյանը դրական պատասխանեց հարցին՝ որքանով է հնարավոր, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ զարգացնի ռազմատեխնիկական համագործակցությունը, որ կապահովի Հայաստանի պաշտպանությունը․ «Բայց Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, որ մենք մեր կարիքները ամբողջ ծավալով կարողանանք ապահովել։ Առանց դրա հնարավոր չէ, որովհետև ռուսական ներկայությունը Հայաստանում լրջագույն խոչընդոտ է ու պարտադիր չէ, որ Ֆրանսիան կամ ՆԱՏՕ անդամ ցանկացած երկիր ուղիղ տեքստով ճակատներիս ասեն, որ այդ տարրական բանը հասկանանք»։
Քաղաքագետը, մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ, նշեց, որ դա չի կարող լինել ՄԱԿ-ի կամ այնպիսի կազմակերպության հովանու ներքո, որին անդամակցում է Ռուսաստանը, և Ադրբեջանի նկատմամբ պատշաճ ճնշում գործադրելու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է։
Մեհրաբյանը, պատասխանելով հարցին, թե Հռոմի ստատուտի ընդունումը և Հայաստանի անվտանգությունը ինչով են փախկապված, ասաց․ «Շատ ուղղակիորեն․ Հայաստանը դառնում է տարածք՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո, որտեղ ռազմական հանցագործությունները, ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները դատելի են»,- նշեց նա և հավելեց, որ շատ ուշացած է դրա վավերացումը և Հայաստանը դա պետք է աներ 1999-ին՝ ստորագրումից հետո․ «Բայց հաշվի առնելով, թե ինչ ստահակներ են ղեկավարել Հայաստանը՝ դա հնարավոր չէր, որովհետև դա իրենց հովանավորների շահերին չէր համապատասխանում»։
Գեղամ Ադյան