
Հարյուրից ավելի պացիենտներ դեռ գտնվում են բժշկական կենտրոններում․ այրվածքների պարագայում նրանց վերականգնողական բուժօգնությունը բավականին երկար է տևելու և ինչքան անհրաժեշտ լինի ու ինչ ծավալով անհրաժեշտ լինի՝ նրանց բուժօգնությունը կտրամադրվի։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված պացիենտների առողջապահական խնդիրներին։
Նա նշեց, որ արտերկրում 19 պացիենտ է գտնվում և նրանց վիճակում բարեբախտաբար կա դրական տեղաշարժ. «Մեր աշխատանքների շնորհիվ ինչքան անհրաժեշտ լինի՝ նրանք կմնան արտերկրի բժշկական կենտրոններում և ամբողջ բուժօգնությունը կստանան»,- հավելեց նա։
Նախարարը հիշեցրեց, որ ԼՂ բնակիչների համար ՀՀ-ում գործում է պետական պատվերի գոյություն ունեցող ամենալայն փաթեթը. «Սա նշանակում է, որ ամբուլատոր օղակում ամբողջ ծախալով և նաև հիվանդանոցային բժշկական ծառայությունները նրանց անվճար տրամադրվում են ըստ պետական պատվերի գործող մեր ծրագրի»։