
Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանդիպումներից Ադրբեջանի հրաժարվելուն:
«Ես իսկապես չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելը ինչ է տալու Ադրբեջանին և ինչ է տալու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել արդեն իսկ շատ մոտ իրականությունից՝ խաղաղության պայմանագրից»,- ասաց նա և նշեց, որ վստահ է, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ ընդհանրապես Հայաստան չլինի:
«Կարմիր գիծը գծված է, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի հանդուրժվելու: Իրենք հաճախ խոսում են 4 գյուղերի մասին, մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ, կամ ինչ-որ մասը գտնվում է իրենց օկուպացիայի տակ»,- ասաց նա:
«Այս պահին առաջնորդներով հանդիպման համաձայնություն չկա, ՀՀ-ն նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել»,- ասաց նա և նշեց, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է:
«Ցանկության պարագայում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունը իրոք քաղաքական կամք դրսևորի»,-ասաց նա: