Պարզվում է՝ մենք ՀՀ-ում ունենք ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի ներկայացուցիչներ, մարդիկ բառ առ բառ ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության շահերը, ոչ թե ՀՀ-ի: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

«Բազմիցս շեշտել ենք, բայց երևի մանիպուլյացիայի և բարձր գոռալու արդյունքում մեր ընդդիմությանը թվում է, թե տեղ է հասնելու այդ ամենը: ՀՀ-ի կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության պետական սահմանն է, պետական սահմանից մեկ միլիմետր անգամ չի զիջվելու: Գալիս եք այստեղ խոսում եք, որ այս իշխանությունը  ՀՀ-ն հանձնել է, գնում եք մարդկանց տեղում ահաբեկում եք, ասում եք հեսա թուրքերը ձեր տներն են մտնելու, հետո խոսում եք հուսալքությունից, երևի մենք ենք հուսալքություն առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ»,- դիմեց պատգամավորը ընդդիմությանը:

Մինասյանը նշեց, որ ՔՊ-ի և Կառավարության գործընկերների հետ միասին այցելել են մարզերում ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին և այն, ինչ շեշտում է ընդդիմությունը, նա լսել է ԼՂ մեր քաղաքացիներից. «Ուզում եմ հարցնել ձեզ, լավ, խիղճ ունե՞ք, ժողովուրդ, այդ մարդկանց մոտ ամրապնված է մեկ թեզ, որ երբ ձեռք ես բերում ՀՀ քաղաքացիություն, զրկվում ես քո իրավունքներից, կամ հակառակ թեզն են շարունակում, որ կզրկվեք բոլոր աջակցություններից: Սիրելի ԼՂ հայրենակիցներ, նորից ուզում եմ շեշտել՝ ՀՀ քաղաքացիությունը ձեր իրավական կարգավիճակը չի փոխելու, դուք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել եք հոկտեմբերի 26-ին և ըստ այդմ ունեք այն բոլոր իրավունքները, որոնք տալիս է փախստականի կարգավիճակը»:

373