Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է կատարվածին։

«Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը…

Սովորաբար, երբ նույնիսկ ոչ ապրիլի 24-ին այցելում ենք Ծիծեռնակաբերդ, հատկապես անմար կրակի մոտ, շշուկով ենք խոսում։ Իսկ ապրիլի 24-ին ընդհանրապես ոչ էլ խոսում ենք, որովհետև իրականում մարդկության դեմ գործած այս ոճրագործության զոհերին ոգեկոչելիս ասելիք չենք էլ ունենում, այլ միայն խորը հույզեր և մտքեր, խոսքերն էլ դժվար են դուրս գալիս մեր շուրթերից։

Այդ օրը նաև, այսինքն՝ հենց այսօր, մեր տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր հայրենակիցներ միշտ կողքի են դնում իրենց բոլոր տարաձայնությունները և լուռ բարձրանում են դեպի անմար կրակ՝ ծաղիկներ խոնարհելով հիշելու և ոգեկոչելու ցեղասպանության զոհերին։ Միշտ էր այդպես եղել, ոչ ոք չէր հատել հավաքական բարոյականության այդ գիծը։ Չէր հատել մինչև այսօր… Այսօր բարոյականության այդ գիծն էլ հատվեց մի խումբ մարդկանց կողմից, շատ կուզեի ասել «մեր մի խումբ հայրենակիցների» կողմից, իրոք շատ, բայց մատներս հրաժարվում են տպել այդ բառերը՝ ուղղված նրանց։

Այսօր անմար կրակի շուրջ, որտեղ գրեթե բոլորս միշտ շշուկով ենք խոսում, ինքներս մեզ թույլ չենք տալիս ձայն բարձրացնել, մի խումբ մարդիկ գոռում-գոչյումներով լուտանքներ և վիրավորանքներ թափեցին ՀՀ վարչապետի հասցեին՝ նրա տիկնոջ և մանկահասակ երեխայի ներկայությամբ, փորձեցին թույլ չտալ, որ նրանք մոտենան և ծաղիկներ խոնարհեն անմար կրակի առջև։

Տիկին Հակոբյանին և նրա դստերը զորակցությունս եմ հայտնում, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում այդ նուրբ ասած տհաճ իրադրության մեջ արժանապատիվ կեցվածքի համար։ Նաև խորը ցավ եմ ապրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը նման կերպ անարգելու պատճառով, խորը ցավ…

986