ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարդու իրավունքների պաշտպանի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրների և դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:

«Քննարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը առանձին անդրադարձ է կատարել զինվորական հաշվառման և զորակոչի, զինվորական ծառայության բուն ընթացքի և պահեստազորային ծառայության շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին: Երկուստեք փոխանակվել են մտքեր Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առանձին առաջարկների իրացման կառուցակարգերի վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև իրավասու այլ մարմինների հետ համատեղ աշխատանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ և ԳՇ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Բարոյահոգեբանական ապահովման վարչության, Իրավաբանական վարչության, Ռազմաբժշկական վարչության, զինկոմիսարիատների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում լուծելու նաև համակարգային բնույթի խնդիրներ»,-նշված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

399