ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը. Գորիսում կայացած համերգն իրականացվել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության օժանդակությամբ:

Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս), մասնակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մարզային շրջագայության համերգները մեկնարկել են մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և շարունակվել մայիսի 15-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, իսկ մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը եզրափակվել է մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած համերգով:

Ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:

Էդուարդ Թոփչյանի նշմամբ՝ այս շրջագայությունը ծրագրված էր իրականացնել դեռևս անցած տարվա սեպտեմբերին: «Այն նվիրված էր լինելու մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Ցավոք, օբյեկտիվ պատճառներով շրջագայությունը չեղարկվել էր, և հիմա շատ ուրախ ենք, որ կարողացանք այն կյանքի կոչել: Հուրախություն մեզ՝ Երևանի մշակութային կյանքը շատ հագեցած է, և միջազգային մեծ ճանաչում ունեցող արվեստագետները հաճախ են ելույթներ ունենում մայրաքաղաքում: Կարծում եմ, որ մարզերի մշակութային կյանքի ակտիվությունը պետք է մեր՝ հայ արտիստներիս առաքելությունը լինի»,- նշել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ մարզային համերգները շարունակական բնույթ են կրելու:

601