Հոլանդացի մասնագետ Առնե Սլոթը դարձել է Լիվերպուլի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ «Ֆեյենորդի» նախկին մարզչի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից, երբ Սլոթը Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանա։ Այսպիսով, հաջորդ մրցաշրջանից հոլանդացի մարզիչը կփոխարինի Յուրգեն Կլոպին, որը հեռացել է «Լիվերպուլից» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 2023/2024 մրցաշրջանից հետո։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Առնե Սլոթը մերսիսայդցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։ Միաժամանակ անգլիական ակումբը «Ֆեյենորդին» կվճարի 13–15 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի վաղաժամկետ խզման փոխհատուցում։

45-ամյա Առնե Սլոթը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ֆեյենորդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման՝ հաղթելով 94 անգամ, 27 անգամ ոչ-ոքի խաղացել և 24 անգամ պարտվել։

Աղբյուր  ArmSport.am

697