Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հոկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել է կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին և ելույթ ունեցել՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը։
Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռահմոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը՝ գագաթնաժողովի կազմակերպման համար։
Նա նշել է, որ կենսաբազմազանության և բնության պահպանությունը Տաջիկստանի կայուն զարգացման և բնակչության բարեկեցության ապահովմանն ուղղված քաղաքականության առաջնահերթություններից է։
Նախագահի խոսքով՝ երկրում ընդունվել է 25 օրենք և մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր, այդ թվում՝ մինչև 2040 թվականը կենսաբազմազանության պահպանման և դրա խելամիտ օգտագործման ազգային ռազմավարությունը։ Տաջիկստանը նաև միացել է շրջակա միջավայրի վերաբերյալ 11 միջազգային կոնվենցիայի, որոնց թվում առանձնահատուկ տեղ ունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան։
Ռահմոնը նշել է, որ երկիրը հետևողական ուշադրություն է դարձնում անհետացման վտանգի տակ գտնվող բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների պահպանությանը։ Նրա խոսքով՝ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 24-ը հռչակել է Մորխուրի միջազգային օր՝ նպատակ ունենալով նպաստել հազվագյուտ կենդանատեսակների պահպանությանն ու բազմացմանը և նրանց կենսամիջավայրի բարելավմանը։
Տաջիկստանի նախագահն ընդգծել է նաև կենսաբազմազանության պահպանության ոլորտում մշտադիտարկման և հազվագյուտ տեսակների թվաքանակի հաշվառման համակարգերի կատարելագործման կարևորությունը։
Նա ուշադրություն է հրավիրել կլիմայական խնդիրների վրա՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունը, բնական միջավայրի վատթարացումը, հողերի ոչ խելամիտ օգտագործումը և մարդկային գործունեության այլ գործոններ բացասաբար են ազդում էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա։ Ռահմոնի խոսքով՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելը և դրա ռիսկերի նվազեցումը Տաջիկստանի կայուն զարգացման երկարաժամկետ քաղաքականության անբաժանելի մասն են։ Նախագահն ընդգծել է ջրի, կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում միջազգային ջանքերի համակարգման անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ վերջին ավելի քան 25 տարիների ընթացքում Տաջիկստանը միջազգային հանրության և ՄԱԿ-ի աջակցությունը ստացած նախաձեռնություններով նպաստել է ջրի և կլիմայի հարցերի առաջմղմանը։
Նա նշել է, որ «Դուշանբեի ջրային գործընթացի» շրջանակում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովները դարձել են քաղաքական երկխոսության, գործընկերության զարգացման, համատեղ նախաձեռնությունների մշակման և իրականացման, ինչպես նաև ՄԱԿ-ի ջրային համաժողովներին նախապատրաստվելու կարևոր հարթակ։ Ռահմոնի խոսքով՝ 2028 թվականին Դուշանբեում կանցկացվի ՄԱԿ-ի ջրային համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն «Ջուրը՝ հանուն կայուն զարգացման» 2018-2028 թվականների միջազգային գործողությունների տասնամյակի իրականացման արդյունքները և կսահմանվեն ջրային ոլորտում միջազգային համագործակցության հաջորդ փուլի ուղղությունները։
Նա հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները կնպաստեն նաև կենսաբազմազանության պահպանման հետ կապված խնդիրների լուծմանը։ Անդրադառնալով սառցադաշտերի հալոցքին՝ Տաջիկստանի նախագահը նշել է, որ սառցադաշտերը, ձնածածկույթը և կրիոսֆերայի մյուս բաղադրիչները կարևոր դեր ունեն ջրային պաշարների ձևավորման և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում։
Նա հիշեցրել է, որ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2025 թվականը հռչակել է Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։ Կարևոր քայլ է նաև 2025-2034 թվականների կրիոսֆերային գիտությունների միջազգային գործողությունների տասնամյակի հռչակումը, որն իրականացվում է Տաջիկստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությամբ։
Ելույթի ավարտին Ռահմոնը համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովը նոր խթան կհաղորդի կենսաբազմազանության և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը։





