Zarkerak.am-ը գրում է․

«Գառան մորթով գայլ» արտահայտությունը Բագրատ Գալստանյանի դեպքում՝ թերևս ճիշտ կլինի ասել՝ «գառան դիմակով աղվեսը»։

Տավուշի հոգևոր առաջնորդը շարժման ընթացքում կարևոր է համարում սերը, հանդուրժողականությունը, ստից, կեղծիքից, ատելությունից ազատումը, սակայն իր գործողություններով ու որոշ ելույթներով անում է ճիշտ հակառակը։ Նույնը նաև նկատվում է Գալստանյանի համակիրների և նրան շրջապատող ուժերի ու գործիչների մոտ, որոնք օրեցօր ավելի ագրեսիվ և սադրիչ վարքագիծ են դրսևորում։ 

Գալստանյանի ելույթներին հետևողները՝ թերևս նկատած կլինեն, թե որքան հաճախ է նա ասում բաներ, որոնք հետագայում ստիպված է լինում վերափոխել կամ սրբագրել, կամ ինչպես է փորձում չնկատել իր շրջապատի ագրեսիվ վարքագիծն ու ատելության խոսքերը։ 

Բագրատ Գալստանյանը վերջին բառերով վիրավորում է քաղաքական հակառակորդներին, մարդկանց, որոնք չեն կիսում իր քաղաքական մտքերն ու գաղափարները։ Վիրավորում է և հետո ասում․ «Մեջս, անկեղծ, ո՛չ թշնամություն կա, ո՛չ ատելություն, ոչ մի բան: Երևի կյանքումս առաջին անգամ է, որ այնքան հանգիստ ու խաղաղ եմ, որովհետև ճշմարտության մասին են մեր ասածները, ուրիշ բան չկա»։  

Իրականում Բագրատ Գալստանյանին՝ թերևս պետք է հուշել, որ սքեմը մարդուն ավելի ազնիվ ու արդար չի դարձնում, եթե մարդն էությամբ անազնիվ է, կեղծող և անարդար։ Մարդկանց առաջնորդելով և գառ գրկելով Մովսես կամ Հիսուս չեն դառնում։ Հատկապես, որ շատ դեպքերում գառն ընդամենը մարդու ներսի աղվեսին թաքցնելու միջոց է դառնում։  Քաղաքական դաշտը սրբավայր չէ, հետևաբար, եթե մուտք ես գործում այդ դաշտ, այլևս դադարում ես սուրբ լինել և գառան դիմակները չեն կարող քողարկել քո ներսի աղվեսին։ 

1005