Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը 2024 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս Երևանի Ավան վարչական շրջանում 2023 թվականին գնած համատեղ սեփականությամբ բնակարան և միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, ինչպես նաև նույն վարչական շրջանում 2023 թվականին որպես նվիրատվություն է ստացել հողամաս։

Պատգամավորը վարում է 2016 թվականի արտադրության «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին։

Նշված բոլոր՝ թե՛ շարժական, թե՛ անշարժ գույքերը, տարեվերջին պահպանվել են։

Որպես դրամական միջոց Մինասյանը ներկայացրել է 488 դոլար, 2 միլիոն 980 հազար 580 դրամ, ինչպես նաև 76 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 2 հազար դոլար, 2 միլիոն 673 հազար 886 դրամ, 2 հազար եվրո։

Որպես կանխիկ միջոց նա ունի 300 դոլար, 500 հազար դրամ և 400 հարյուր եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1200 դոլար, 850 հազար դրամ, ինչպես նաև 800 եվրո։

Դաշնակցական պատգամավորի տարվա ընդհանուր եկամուտները կազմել են 20 միլիոն 456 հազար 481 դրամ, որից 1 միլիոն 742 հազար 780 դրամը որպես այլ եկամուտ նա ստացել է «Կոնվերս» բանկից, 1 միլիոն 435 հազար 429 դրամը՝ այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 6 միլիոն 400 հազար դրամը որպես այլ փոխառություն վերջինս ստացել է Սիմոն Անդունի Սիմոնյանից։

411 հազար 312 դրամ նա որպես աշխատավարձ ստացել է Երևանի պետական համալսարանից, իսկ Ազգային ժողովի աշխատավարձը կազմել է 10 միլիոն 466 հազար 960 դրամ։

Արծվիկ Մինասյանը հիպոթեքով կառուցապատվող շենքի բնակարանի վարկի մնացորդ ունի, որը կազմում է 22 միլիոն 82 հազար 744 դրամ:

Մինասյանի կինը՝ Աստղիկ Օհանյանը, 533 հազար 944 դրամ արժեքով, որը տարեվերջին դարձել է 2 միլիոն 4 հարյուր հազար դրամ, փայ ունի Ֆինռայս ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդում։

Նա նաև 5 հազար դրամի ավանդ ունի բանկում։

Որպես դրամական միջոց Աստղիկ Օհանյանը ներկայացրել է 4 հազար 794 դրամ, 684 հազար 786.97 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 30 հազար 992 դրամ և 421 հազար 360 դրամ։

Վերջինս 750 հազար դրամի չափով կանխիկ գումար ունի, որը տարեվերջին դարձել 5 հարյուր հազար դրամ։

Պատգամավորի կնոջ եկամուտը կազմել է 5 միլիոն 886 հազար 740.8 դրամ, որից 3 միլիոն 5 հազար 267 դրամը նա աշխատանքի վարձատրություն է ստացել «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, 1 միլիոն 806 հազար 602 դրամը աշխատանքի վարձատվություն է ստացել «ՔՈԳՆԱՅԶ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունից, ինչպես նաև 970 հազար 209 դրամ այլ եկամուտներ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից և 270 դոլար «ԱՄԻՕ» բանկ ՓԲԸ-ից։

Նա նաև ունի վարկ, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 1 միլիոն 78 հազար 640 դրամ։

581