
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հունիսի 19-ին մասնակցել է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ՝ «ԱՊԱԳԱ»-ի ուսանողները միջոցառմանը, որի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու զբաղվածությանը:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման նախաձեռնողներին և ներգրավված ուսանողներին, կարևորել է տեխնոլոգիական ոլորտում մասնագետների պահանջարկի աճին զուգընթաց նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Ռուբեն Սիմոնյանը խոսել է երիտասարդների ներուժի և Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի մասին, այդ համատեքստում կարևորելով պետական կառույցների և դրանցում մասնավոր և համալսարանական սեկտորից մասնագետների ներգրավման դերը, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը կծառայեցնեն հանուն պետության շահերին:
Նախարարի տեղակալը ընդգծել է նաև վերազգային, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շրջանակներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի միտումը, Հայաստանում մասնաճյուղերի հիմնումը՝ նշելով, որ դա համատեղ սրտացավ աշխատանքի արդյունք է:
«Այդ հարցում նաև անգնահատելի է Սփյուռքի՝ տեխնոլոգիական ոլորտի մեր հայրենակիցների և Հայաստանում առկա մարդկային կապիտալի դերը»,-ընդգծել է Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի արդյունքներին, լսելու ոլորտային տեսլականներ և վերլուծություններ նաև այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել դասընթացավարների պարգևատրում, նախորդ տարվա ուսանողների վկայականների հանձնման արարողություն, ինչպես նաև նեթվորքինգ: «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» միջոցառումն իրականացվում է «ԱՊԱԳԱ» հիմնադրամի կողմից՝ 2023թ․-ից:
Միջոցառման նպատակն է աջակցել 4-րդ կուրսում սովորող ուսանողներին` ստանալ 1 ուսումնական տարվա վարձավճարի 80% փոխհատուցում, ծրագրում ներգրավված առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից կրթական դասընթացների մասնակցություն, կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ժամանակակից և մրցունակ մասնագիտություն՝ ստանալով պրակտիկա գործընկեր կազմակերպություններում, ինչպես նաև ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք:
Ծրագրին դիմում են ՀՀ պետական հավատարմագրված բոլոր ԲՈՒՀ-երից՝ մրցակցային սկզբունքով: