Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես արդեն հստակ ասացի՝ չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ ինքն է նախաձեռնել Անդրանիկ Քոչարյանին  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացը։

 «Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը նշեց, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է քննարկվում, իսկ խմբակցության նիստ այսօր նախատեսված չէ։

Հարցին, թե ինքն անձամբ դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, որևէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որևէ պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզանից, ի՞նչ տարբերություն»։

Անդրադառնալով ինքնաքննադատության մասին նիստին՝ Գաբրիելյանն ասաց․ «ՔՊ-ում միշտ կան ու կլինեն թևեր, դրանք մեր ծրագրերն են, որով առաջ  ենք գնում։ Իրար դեմ պայքարող թև չեմ տեսել, նման թևերում չկամ։ Դրսից շատ ուժեր կցանկանան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միասնությունը քանդեն։ Կարծում եմ՝ մեր միասնությունը երևում է մեր քվեարկությամբ, մեր նախընտրական ծրագրերում որդեգրած աշխատանքներն առաջ տանելով։ Մենք թիմ ենք, ունենք ծրագիր, որով առաջ ենք տանում և դա լավագույն ցուցիչն է, որ կա միասնություն»։

254