Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի մասնակից շահառուները ներկայացրել են այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտվելու և փոխհատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել 2 շահառու: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 7-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով՝ քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում փոխհատուցման ենթակա շահառուների՝ այգեհիմնման գործընթացն ավարտին հասցնելու համար, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ֆինանսավորել ինտենսիվ այգեգործության գործընթացն ավարտին հասցնելու համար:
Ընդհանուր 21 շահառուների տնտեսությունում փոխհատուցման ենթակա գումարը 1 մլրդ 415 մլն 407 հազար դրամ է:
«Միջոցառման տարեկան ճշտված պլանով ֆինանսական միջոցներից առկա է մոտ 219 մլն դրամ, որը չի բավարարում փոխհատուցման դիմաց ավարտական դրական մոնիտորինգ ստացած շահառուներին փոխհատուցում հատկացնելու համար, ուստի ներկայումս անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 148 մլն դրամ 66,7 հեկտար այգեհիմնման [համար] և 48 մլն 225 հազար դրամ՝ 260,9 հեկտար ոռոգման արդիական համակարգերի ներդրման փոխհատուցում իրականացնելու համար»,- ասաց նախարարը:
Ֆինանսական միջոցները կտրամադրվեն նախարարության այլ ծրագրերից: