Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից Araratnews-ին էր դիմել Վ. Սաղոյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի հարազատը և այլ անձ։ Չցանկանալով ներկայանալ՝ նրանք հայտնեցին, որ դպրոցի տնօրեն Էլիզա Բիլյանը հաճախ ծաղրում է աշակերտների և ուսուցիչների հագուկապը․ աղջիկներին էլ թույլ չի տալիս տաբատով դպրոց մտնել՝ դա անելով ցուցադրաբար՝ դպրոցի դիմաց։ Որպես օրինակ նշելով, որ վերջերս Բիլյանը 10-րդ դասարանի աղջիկներից մեկին զրպարտել է՝ ասելով, որ իր հագուկապով «գրգռում է դասարանի տղաններին»։
Ըստ նրանց պատմածի՝ տնօրենը ներառական կրթություն ստացող աշակերտներին շահագործում է. մյուսներից առանձնացնելով՝ հանձնարարում հավաքել դպրոցի տարածքի աղբը։ Նաև պարբերաբար սպառնում է երեխաներին, ստորացնում՝ անվանելով «փայ հավաքողներ, անասուններ» և այլ վիրավորական արտահայտություններ անում, որոշ ծնողների կողմից նվերներ է վերցնում աշակերտներին դրական միավոր նշանակելու համար։ Իսկ վերոնշյալ գործողություններն արդարացնելու համար Բիլյանն օգտագործում է Տավուշի մարզպետի անունը, թե իբր նրանից թույլտվություն ունի իր քայլերի համար։
Araratnews-ը ստացված ահազանգի իսկությունը և դրանում առկա մտահոգիչ տեղեկությունները փոխանցել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Մեր հարցմանն ի պատասխան գերաստեսչությունից հայտնեցին, որ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի` 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 01/09.2/29715-2024 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և «ՀՀ Տավուշի մարզի Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին առնչվող հարցերը` ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ:
Վարույթի ընթացքում դպրոցում 2024 թվականի հոկտեմբերի 15-ից 18-ը ուսումնասիրվել են դիմումում ներկայացված փաստարկներին առնչվող փաստաթղթերը, իրականացվել է լսում, կազմակերպվել են հանդիպումներ, որոնք սահմանված կարգով արձանագրվել են։
Նշվում է, որ տեսչական մարմնի փորձագետն իր ուսումնասիրության ենթակա փաստարկների պարզաբանման նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 16-17-ը իրականացրել է հետազոտություններ՝ հանդիպելով դպրոցի տնօրենի, ուսուցիչների, դպրոցի սովորողների և նրանց ծնողների հետ և արձանագրվել է հետևյալը․
- ուսուցիչների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտը առավել կոնֆլիկտային է, քան հանդուրժող, և անհրաժեշտ է մասնագիտական շարունակական աշխատանք և աջակցություն ուսուցչական համակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը կայունացնելու համար,
- ըստ մանկավարժական աշխատողների հետ իրականացված սոցիալական հարցաշարի արդյունքների՝ նրանք ականատես են եղել երեխաների միջավայրում բռնության դեպքերի՝ ստեղծված իրավիճակները բնորոշելով որպես անախորժություն, իրար չհասկանալու հետևանք,
- ԿԱՊԿՈՒ սովորողների ծնողները նշել են, որ դպրոցում իրենց երեխաները լիարժեք ներառվում են կրթության մեջ, նրանց նկատմամբ երբևէ խտրական վերաբերմունք, ինչպես նաև շահագործման դեպքեր չեն եղել,
- սովորողների հետ տարված աշխատանքների վերլուծության ընթացքում պարզվել է, որ դպրոցում առկա է փոխաջակցության, հարգանքի մթնոլորտ: Բռնության դեպքեր՝ ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների կողմից, երբևէ չեն նկատվել: Տնօրենը սովորողների նկատմամբ բռնություն չի իրականացրել, խտրական վերաբերմունք, անհանդուրժողականություն չի ցուցաբերել:
Ըստ փորձագետի ներկայացրած եզրակացության՝ «Դպրոցում բռնության դեպքեր չեն եղել, եղել են անախորժություններ, որոնք մեծամասամբ հաղթահարվել են ներքին ռեսուրսներով՝ ուսուցիչների զրույցի, մեթոդ միավորումների և մանկավարժական խորհրդի ժամանակ հուզող հարցերի քննարկումների միջոցով: Դպրոցի տնօրենը պաշտոնային պարտականությունները չի չարաշահել՝ դրամահավաքություն չի իրականացրել, երեխաների նկատմամբ վերաբերմունքը դրական և հարգալից է: Դպրոցում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը (ուսուցիչների շրջանում) կարիք ունի կայունացման, իսկ հանդուրժողականության մակարդակը՝ բարձրացման»:
Այսպիսով, տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դպրոցում խախտվել են հետևյալ իրավական ակտերի պահանջները՝
- «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի 21-րդ կետ՝ «Տնօրենը … ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի № 1392-Ն որոշման Հավելված 5-ի, 7-րդ կետի 2-րդ ենթակետ՝ «Խորհուրդը՝ հաստատում է դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները ․․․», 22-րդ կետի 5-րդ ենթակետ՝ «Դպրոցի տնօրենը՝ հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման Հավելված 1, 1-ին բաժնի 1-ին կետի 5-րդ ենթակետ՝ «Տնօրենը՝ մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում ․․․ մանկավարժական աշխատողների և սովորողների ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները»։
Ամփոփելով վերոգրյալը, համադրելով վարույթի ընթացքում ձեռք բերված փաստարկներն ու ապացույցները՝ տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը կարգադրել է հետևյալը՝
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Էլիզա Բիլյանի.
- դպրոցում ապահովել բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ,
- դպրոցում ապահովել պատշաճ վերահսկողություն սովորողների վարքի նկատմամբ,
- մշակել և խորհրդի հաստատմանը ներկայացնել դպրոցի ներքին կարգապահական կանոնները,
- սույն կարգադրության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով տրված հանձնարարականները կատարել և կատարման մասին տեղեկացնել տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ կցելով հանձնարականները կատարած լինելը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Հավելենք՝ Կրթության տեսչական մարմնից հայտնեցին, որ կառույցը հետեւողական է կարգադրությունների կատարման նկատմամբ եւ այս պարագայում էլ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։
Գեղամ Ադյան