Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսալեզու «5 րոպե առաջ» (5 Минут Назад) կոչվող YouTube-յան ալիքը նոյեմբերի 18-ին մի տեսանյութ է տարածել, որում պնդում է, թե իբր իտալացի աշխարհահռչակ երգիչ, կինոդերասան Ադրիանո Չելենտանոն մահացել է։
Լուրը տարածվել է նաև սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում․ որոշ օգտատերեր գրառումներ են արել դրա վերաբերյալ։
Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջից։
Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է իտալական ու միջազգային մամուլն ու պարզել, որ հայտնի արտիստի մահվան մասին որևէ արժանահավատ աղբյուր չի հայտնել։
Միևնույն ժամանակ, FIP.am-ն ուսումնասիրել է լուրը տարածած ռուսալեզու YouTube-յան ալիքն ու պարզել, որ այն նախկինում ևս կեղծ լուրեր է տարածել հայտնի արտիստների մահվան մասին։ Օրինակ՝ ալիքը մոտ մեկ ամիս առաջ էլ նման տեղեկություններ է տարածել հուլիվուդյան հայտնի դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի մասին։
Փաստացի, YouTube-յան ալիքը զբաղված է պարբերաբար հայտնիների մահվան մասին կեղծ լուրեր տարածելու միջոցով հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով։
Այսպիսով, Ադրիանո Չելենտանոյի մահվան մասին լուրը կեղծ է։
Աղբյուրը՝ fip.am