Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաև մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել օրենսդրական բարեփոխումների, կառավարման համակարգի բարելավմանը, արդարադատության, մարդու իրավունքների, տնտեսական մրցունակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային ոլորտում նախաձեռնված ծրագրերին։

Քննարկվել են Համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, զեկուցվել է, որ առանձին ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ։ Որպես համագործակցության առանցքային օրինակներ՝ ներկայացվել են արդարադատության բարեփոխումների օրակարգի առաջխաղացումը, հանրային կառավարման ոլորտում գործիքակազմի արդիականացումը, կոռուպցիայի դեմ պայքարի և թվային լուծումների ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։

Վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ուղղված Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների և ծրագրերի հետևողական կատարմանը, դրանց իրականացման թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև առաջընթացի և արդյունքների հանրային ներկայացման բարելավմանը։

Քննարկման ավարտին ամփոփվել են արդյունքները, և հստակեցվել է հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։

 

108