Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել:

«Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը:

Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով:

«Համաձայնագրում նաև շատ կարևոր կետ ենք սահմանել, որ մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին, այսինքն՝ դա այն տրամաբանությունն է, որը գործում է սովորական սպանդանոցային ծառայության դեպքում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշումը Ելփին գյուղ իր չնախատեսված այցելության արդյունքում է ծնվել, երբ բնակիչները ներկայացրել են սպանդանոցային ոլորտին առնչվող խնդիրները, և որոշվել է լուծել դրանք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս համատեքստում նկատեց՝ լոգիստիկան պրոբլեմատիկ հարց է այս պարագայում,  քանի որ եթե մորթ է արվել սպանդանոցում, բայց հետո հայտնվել է «Գազելի» կամ «Օպելի» թափքում, սպանդանոցի իմաստը կորչում է:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց՝ այս բոլոր որոշումների նպատակն այն էր, որ բնակչությանն ապահով ճանապարհով մատակարարվի մսամթերք, և հնարավոր հիվանդությունները, որոնք կարող են կենդանիների մորթի ժամանակ փոխանցվել բնակչությանը, կանխել:

«Ցավոք, այսօր էկոնոմիկայի նախարարության կողմից զեկուցվող հարցի տեղեկանքի վերաբերյալ կա մի տվյալ, որը հուշում է, որ դեռ հեռու ենք նպատակից: Այդ տվյալն այն մասին է, որ տարեկան մորթի է ենթարկվում 220 հազար խոշոր եղջերավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22 հազարը, ընդամենը՝ 10 տոկոսը: Ամենաճիշտ կարճ ճանապարհն այն կլիներ, որ տեսչական գործառույթն ուժեղացնեինք»,- ասաց նա՝ նշելով, որ դա ենթադրում է՝ պետք է թույլ չտալ, որ սպանդանոցով չանցած և ոչ ապահով տրանսպորտային միջոցով բերված միսը հանվի վաճառքի:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հավելեց՝ համայնքները ևս իրավունք ունեն համայնքապատկան սպանդանոցներ հիմնելու՝ այդ կերպ լրացուցիչ եկամուտներ ապահովելով:

Փաշինյանը հավելեց՝ որպեզի որոշումը կյանքի կոչվի, անհրաժեշտ է հետևողականություն:

187