Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Իրանի հարաբերություններն առանձնահատուկ են և մեծ նշանակություն ունեն մեզ համար. կարծում եմ, որ այդ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի առաջիկա այցը Երևան դրանք է՛լ ավելի բարձր մակարդակի կհասցնի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը իրանական IRNA գործակալության հետ բացառիկ հարցազրույցում:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ Կոստանյանը նշել է, որ «նոր դարաշրջան ենք թևակոխում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն»։

«Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների վերականգնումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության լիակատար փոխադարձ հարգանքի պայմաններում: Գործնականում դա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի մուտք Հայաստան և, ի վերջո, Սև ծով»,- նշել է Կոստանյանը:

Խոսելով տարածաշրջանում երրորդ երկրների ներկայության հնարավորության մասին՝ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Իրանի մտահոգությունները հաշվի են առնվել «Թրամփի» նախագծի շուրջ բանակցությունների ընթացքում:

«Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի մի ընկերություն, որում բաժնետոմսեր կունենան Հայաստանը և Միացյալ Նահանգները: Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը անվտանգային ներկայություն կունենա տարածաշրջանում: Մենք հասկանում ենք, որ դա եղել է իրանական կողմի առանցքային անհանգստություններից մեկը, և կարծում եմ, որ այդ մտահոգությունը վերացվել է»,- նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ Երևանի համար Իրան-Հայաստան անխափան կապը ռազմավարական նշանակություն ունի:

85