
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը և սկսենք այն բանից, պարո՛ն Մինասյան, որ երբ դուք Կառավարությունում աշխատում էիք նախարար, Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, և այդ խորհուրդը գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը, որից այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքով միլիարդներ են պահանջվում: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:
«Ոնց որ գառներին պահ տան գայլին, ասեն՝ տե՛ս, որ որևէ մեկը բան չանի: Սա է ձեր հակակոռուպցիոն քաղաքականությունը»,- ասաց նա:
Հայկ Կոնջորյանը նաև հայտարարեց, թե ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս, «խաչակրաց արշավանք է անում», ցանկացած դրական օրակարգից «այսահարվում է»:
«Ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարձակվում են այդ դրական օրակարգերի դեմ և փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն և ապատիա գեներացնել, որովհետև դուք այդտեղ եք միայն ծաղկում, դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում»,- ասաց նա: