Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև գործարար շփումների ակտիվացման միջոցով առևտրի խթանումը։

Արարատ Միրզոյանը և Տիմչո Մուցունսկին անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի։

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախարարները մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ բալանսավորված արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ԵՄ հետ գործընկերության խորացումը՝ ՀՀ քաղաքացիների ձգտումներին համահունչ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը։

74