Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Քննարկման օրակարգային թեման Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքներն են:

Մերի Գալստյանի դիտարկմամբ՝ քննարկումների նպատակն է պահպանել հաղորդակցությունն ընթացիկ աշխատանքներում, աջակցել կարիքների գնահատման գործընթացին, ինչպես նաև համագործակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ: Նրա խոսքով, ըստ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների, շրջակա միջավայրի նախարարությանը վերապահված են ամենածավալուն մասը և հավակնոտ բարեփոխումները:

Արա Մկրտչյանը կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակում առկա ռեսուրսները համատեղելու, միասնական, փոխհամագործակցված, փոխտեղեկացված աշխատելու առումով:

Նշվել է, որ 2024 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված ծրագրերի ու գործողությունների գրեթե կեսից ավելին կատարվել է:

Ներկայացնելով մանրամասներ համաձայնագրի շրջանակում նախատեսված գործողությունների վերաբերյալ՝ ընդգծվել են վտանգավոր նյութերի և թափոնների, մթնոլորտային, կլիմայի քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքները:

Կարևորվել է «Թափոնների մասին» օրենքում փոփոխությունների և «Քիմիական նյութերի մասին» օրենքների նախագծերի մշակումն ու ընդունումը, որոնք քննարկումների փուլում են: «Քիմիական նյութերի մասին» նոր օրենքի նախագծի մշակման գործընթացում հիմնական մարտահրավերները պայմանավորված են խիստ նեղ մասնագիտական և տեխնիկական կարողությունների անհրաժեշտությամբ, նախագծի մշակման ընթացքում համակատարող գերատեսչությունների գործառույթների հստակեցմամբ: Համաձայնագրով նախանշված և իրագործված բարեփոխումների շարքում էին նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման մասին» օրենքում մի շարք փոփոխությունների ընդունումը, որով առավել արդյունավետ և ԵՄ համապատասխան դիրեկտիվներին համահունչ կարգավորումներ են սահմանվել: Մշակվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծ, որն առաջին անգամ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ է սահմանելու ՀՀ-ում կլիմայի փոփոխության, մեղմման և հարմարվողականության տեսանկյունից:

Կարևորվել է լքված կամ տիրազուրկ հանքերի պոչամբարների ռեկուլտիվացման աշխատանքների արդյունավետության բարձրացումը՝ համաձայնագրից բխող նպատակներին համահունչ:

Անդրադարձ է կատարվել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին, ընդգծվել են աշխատանքներում մասնագիտական կարողությունների վերապատրաստմանը, իրավական ակտերի մոտարկմանը, թվային տիրույթում աշխատանք ծավալելու կարողություններին, լեզվական, թարգմանությունների, տերմինների հստակեցմանը, ռեսուրսների սղությանը վերաբերող հարցերը:

153