
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆի այսօրվա հայտարարությանը:
«Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ուիթքոֆը, որն օգնում է խոշոր խաղաղ բանակցություններ վարել ամբողջ աշխարհում, անցյալ շաբաթ Սպիտակ տանը Breitbart News-ին բացառիկ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերի կընդլայնվեն, դրա համար կա «մեծ էներգիա»։
Լրագրողը հիշեցրել է, որ Աբրահամյան համաձայնագրերը համարվում են Թրամփի առաջին պաշտոնավարման դիվանագիտական նվաճումը: Նրան հաջողվել է տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնապես կարգավորել մի շարք արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ըստ Ուիթքոֆի, վերադարձել է նաև «մեծ էներգիան», և նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։
Ուիթքոֆը կանխատեսել է այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը: Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։
«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին»,- ասել էր նա։