Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին, որով առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողության համար սահմանված պատասխանատվությունը։

Օրինագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ այս տեսակի գողությունների աճը դարձել է լուրջ մարտահրավեր ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Խնդիրը պայմանավորված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի աճով, այնպես էլ՝ այն հանգամանքով, որ նման գողությունները կատարվում են համեմատաբար հեշտությամբ, իսկ առկա պատժամիջոցները համարժեք չեն վնասի չափին։

Ներկայում գործող կարգավորումներով՝ նման գողությունները դիտարկվում են որպես ոչ մեծ ծանրության հանցանքներ, որոնց համար սահմանված պատիժներն են՝ առավելագույնը քսանապատիկ տուգանք, մինչև երկու տարվա ազատազրկում կամ հանրային աշխատանքներ։ Սակայն, ինչպես նշեց Մկրտչյանը, դա չի նպաստում նմանատիպ հանցագործությունների կանխմանը։ Բացի այդ, դատական պրակտիկայում նման հանցագործությունների համար կալանավորումը հազվադեպ է կիրառվում, ինչի հետևանքով որոշ մեղադրյալներ, մնալով ազատության մեջ, շարունակում են կատարել նմանատիպ արարքներ։

Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների դրսի կողմից կատարված գողությունները՝ հատկապես սարքերի, սարքավորումների կամ բաղադրիչ մասերի գողությունը, դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս՝ միջին ծանրության հանցանք։

Այդ դեպքում նախատեսվող պատիժներն են՝

  • տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով,

  • հանրային աշխատանքներ՝ 150-ից 270 ժամ տևողությամբ,

  • ազատության սահմանափակում՝ 1-ից 3 տարի ժամկետով,

  • կարճաժամկետ ազատազրկում՝ 1-ից 2 ամիս ժամկետով,

  • ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով։

Այս փոփոխությունն, ըստ Մկրտչյանի, կդառնա կարևոր գործիք՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցում իրավապահ մարմինների գործիքակազմն ընդլայնելու համար։

Հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին և առաջարկել է Ազգային ժողովի խորհրդին ընդգրկել այն առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

315