Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Ինչպես հայտնել են Կոմիտեից, խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է հասնել օպերատիվ ստորաբաժանման գործառույթների հստակեցմանը, լիազորությունների համաչափ բաշխմանը և ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործմանը և վերջնարդյունքում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Օպերատիվ ստորաբաժանման կառուցվածքը ձևավորվել է ըստ գործառույթների հստակ տարանջատման և մասնագիտացման սկզբունքի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմնի ներսում գործող կառուցվածքային ստորաբաժանումների հստակ կազմակերպմամբ, դրանց նպատակային և համակարգված գործունեությամբ:

Փոփոխության արդյունքում օպերատիվ մեկ ստորաբաժանման հենքի վրա ձևավորվել է ինքնուրույն կառուցվածքային միավոր հանդիսացող չորս օպերատիվ ստորաբաժանում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ նույն վարչությունների կազմում ստեղծվել են նախադեպը չունեցող մարզային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինները, ինչը թույլ կտա արագ արձագանքել կոռուպցիոն ահազանգերին, իրականացնել ոչ միայն հետախուզական, այլ նաև կանխարգելիչ աշխատանք՝ նպաստելով հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Արթուր Նահապետյանն ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նկատմամբ հանրության ակնկալիքները մեծ են, ուստի պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ այդ սպասելիքներն արդարացնելու և կառույցի գործունեության արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով:

274