Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի ընթացիկ արդյունքները, իրականացված քայլերը և առաջիկա գործողությունների ժամանակացույցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Նիստը բացել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, որը ողջունել է խորհրդի անդամներին և ընդգծել ծրագրի ռազմավարական նշանակությունը․

«Էլեկտրական շարժունակությունը ոչ միայն տրանսպորտային ոլորտի արդիականացման միջոց է, այլև մեր երկրի կլիմայական նպատակների իրագործման ուղղությամբ կարևոր քայլ»։

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրի երեք հիմնական բաղադրիչների շրջանակում արձանագրված արդյունքները։

 

Ցածր ածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում

 

Վերջին ամիսներին անցկացվել են աշխատաժողովներ Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ ընդհանուր առմամբ վերապատրաստելով շուրջ 200 շահառու։

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման խորհրդի 5-րդ նիստը, որի ընթացքում ներկայացվել է էլեկտրական շարժունակության ազգային ռազմավարության նախագիծը։ Այն հետագայում լրամշակվել և շրջանառվել է ոլորտային գերատեսչություններում՝ ստանալով մի շարք կարևոր դիտարկումներ։

 

Կարճաժամկետ արգելքների վերացում՝ ցուցադրական ծրագրերի միջոցով

 

Ծրագրի շրջանակում իրականացվել է պետական կարիքների համար 45 էլեկտրական ավտոմեքենաների գնում՝ որոնցից 28-ը համաֆինանսավորվել է ԲԾԻԳ-ի կողմից, իսկ 17-ը՝ բացառապես ՀՀ կառավարության միջոցներով։ Գնումներն իրականացվել են թափանցիկ և մրցակցային էլեկտրոնային աճուրդի միջոցով։

 

Քաղաքականության մշակում՝ պիլոտային փորձի հիման վրա

 

Տեղի է ունեցել առաջին ազգային էլեկտրական շարժունակության համաժողովը, որտեղ մասնակցել են շուրջ 600 մասնակիցներ։ Կնքվել են համագործակցության հուշագրեր, մասնավորապես՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետ։ Համաժողովն ընդգծել է շահառուների համագործակցության կարևորությունը և նպաստել ոլորտային քաղաքականության ձևավորմանը։

Նիստի ընթացքում վերահաստատվել է Կառավարության մակարդակով ռազմավարության հավանության անհրաժեշտությունը։ Էլեկտրական մեքենաների շահագործումից հետո՝ մոտ 9 ամսվա ընթացքում, կանցկացվի մանրամասն մոնիթորինգ և գնահատում՝ ամփոփելու բնապահպանական, տեխնիկական և ֆինանսական ցուցանիշները։

Ծրագրի ղեկավարը՝ Լիանա Ներսիսյանը, նշել է, որ ծրագիրը շարունակելու է իր գործունեությունը մինչև 2025 թվականի սեպտեմբերը՝ ապահովելով էլեկտրական շարժունակության կայուն ներդաշնակեցումը ՀՀ պետական քաղաքականության մեջ։

124